«Իմ հայրենագիտական ամառը» 

Այս տարի ես եղել եմ Եգիպտոսում: Եգիպտոսի մայրաքաղաքը Կահիրեն է: Ցավոք սրտի մենք չեղանք Կահիրեում, որին շատ մոտ են բուրգերը: Իսկ բուրգերը,ինչպես հայտնի է, աշխարհի հրաշալիքների շարքին են պատկանում: Հուսամ հաջորդ անգամ անպայման կայցելեմ: Եգիպտոսը գտնվում էմիաժամանակ երկու մայրցամաքներում՝ Ասիայում և Աֆրիկայում: Ես եղել եմ Եգիպտոսի ասիական մասում՝ Շարմ- Էլ-Շեյխ ծովափնյա քաղաքում: Քաղաքի ափերը ողողում է Կարմիր ծովը: Ծովն իր անվանումը հավանաբար ստացել է ջրում գտնվող ջրիմուռներից, որոնք տարվա որոշ ժամանակ ընդունում են կարմրավուն գույն: Կարմիր ծովը Համաշխարհային օվկիանոսի ծովերից ամենատաքն ու ամենաղին է։ Ջրի մակերեսային շերտերի ջերմությունը սեպտեմբերին հասնում է 35°C, իսկ ձմռան ամիսներին՝ 30C°: Քանի որ Կարմիր ծով ոչ մի գետ չի թափվում,աղիությունն այս ծովում բարձր է։

Բառերով չեմ կարող նկարագրել, թե որքան գեղեցիկ ձկներ եմ տեսել լողալիս: Մի գաղտնիք բացեմ. բոլորից թաքուն կերակրել եմ ձկներին: Դա անելն արգելվում է ընդհանրապես, բայց ես չդիմացա գայթակղությանը և մեկ անգամ կերակրեցի նրանց:

Ամառային արձակուրդների ընթացքում այցելեցինք նաև Գյումրի՝ Հայաստանի ամենահումորային քաղաք: Գյումրին Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքն է։ Գտնվում է Երևանից 126 կիլոմետր հեռավորության վրա՝ Շիրակի մարզում:

Շրջեցինք քաղաքում, տեսանք հին, բայց շատ լավ պահպանված տներ, որոնցից Երևանում ցավոք շատ քիչ կան: Այցելեցինք մի քանի թանգարան, որոնցից ամենատպավորիչը Խելառների Թանգարանն էր: Այնտեղ ցուցադրված էին հայտնի ծագումով գյումրեցի հումորային կերպարների լուսանկարներ. Պոլոզ Մուկուչ, Ծիտրո Ալեք, Օրիորդ Վարսենիկ և այլոք: Էքսկուրսավարը շատ զավեշտելի պատմություններ պատմեց նրանց մասին:

Հին ավանդույթները պահպանված են այդ քաղաքում: Ֆայտոնն ու ֆայտոնչիները նույնպես մինչ օրս շրջում են Գյումրիում՝ ուրախություն պատճառելով գյումրեցիներին ու քաղաքի հյուրերին: Ես ինքս էլ մեծ բավականություն ստացա ֆայտոնով քաղաքով շրջելուց: Ու վերջում ուզում էի բղավել.

-Ես քեզ սիրեմ գը, Գյումրի՛:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *