Կամրջելով իմ և ծնողներիս Ամանորը. նմանություններն ու տարբերությունները

Ամբողջ աշխարհում Ամանորն ամենասպասված տոնն է: Մեր ընտանիքի համար Ամանորը հրաշքի սպասումի տոնն է: Բոլորս ակնկալում ենք, որ Նոր Տարին էլ ավելի լավն է լինելու, քան նախորդը: Ավելի խաղաղ է լինելու, քան նախորդը: Եվ հենց այդ սպասումով էլ դիմավորում ենք Նոր Տարին:

  1. Տարիների ընթացքում իհարկե որոշ բաներ փոխվել են, ավելացել կամ պակասել են: Բայց ընդհանուր առմամբ շատ բան չի փոխվել: Ինչպես ծնողներիս մանկության տարիներին, այնպես էլ հիմա մեր ընտանիքում առաջին հերթին զարդարում ենք տոնածառը, տան բոլոր սենյակները ամանորյա գեղեցիկ զարդերով: Պատրաստում ենք համեղ ուտեստներ տոնական սեղանի համար:
  2. Մեր ավանդական ամանորյա սեղանը շատ փոփոխությունները չի կրել տարիների ընթացքում: Երևի միայն էկզոտիկ մրգերն են ավելացել, որ նախկինում չկային:

3. Ցանկացած երեխայի համար ամենասպասված նվերը խաղալիքն է: Ծնողներս փոքրիկ խաղալիքներ են ստացել Ձմեռ Պապիկից, որոնք միշտ գտել են բարձր տակից, ինչպես նաև մրգով ու կոնֆետներով լի տոպրակներ: Ես իմ նվերները գտնում եմ տոնածառի տակ դրված՝ գեղեցիկ փաթեթավորված: Այս տարի խաղալիք չեմ խնդրել, քանի որ մեծ եմ: Ստացա գրքեր և անլար ականջակալներ. մի բան, որ իմ ծնողները չէին էլ կարող պատկերացնել որ կարող է գոյություն ունենալ:

4. Ամանորյա անխախտ ավանդույթ է ամբողջ ընտանիքով տոնածառ զարդարելը: Ընտանիքի յուրաքանչյուր անդամ պարտադիր խաղալիք է կախում տոնածառից և երազանք պահում, իսկ Սուրբ Ծննդյան օրը գնում ենք եկեղեցի՝ ճրագ բերելու: Բաց չենք թողնում ոչ մի հետաքրքիր ներկայացում: Մայրիկս ասում է, որ իրենց մանկության ժամանակ չկային այսքան գեղեցիկ ներկայացումներ, բայց փոխարենը կար կրկես՝ հիանալի ծրագրով, վարժեցրած կենդանիներով, զվարճալի ծաղրածուներով:

5. Ամանորյա նկարներ

6. Մայրիկս ասում է, որ այն ժամանակ ավելի հետաքրքիր ամանորյա հաղաորդումներ և համերգներ էին հեռարձակվում: Ամանորյա մուլտֆիլմերն էլ այնքան շատ էին, որ չէին հասցնում բոլորը դիտել: Շատ մուլտֆիլմերի անուններ թվարկեցին ծնողներս, բայց երկուսն էլ նշեցին, որ ինչքան էլ շատ լինեին, ”12 ամիսներ” մուլտֆիլմը երբեք բաց չէին թողնում և միշտ հաճույքով են դիտում: Ես ինքս էլ դիտեցի այն ու շատ հավանեցի: Թողնում եմ հղումը.

Ինձ համար ամենահետաքրքիրը ամանորյա ֆիլմերն են, օրինակ Տանը Մենակ, Հարի Փոթեր, Չարլին և Շոկոլադե Գործարանը, Գրինչը, որ գողացել էր Ամանորը:

7. Այժմյան ամանորն ավելի նեղ ընտանեկան տոն է: Մարդիկ կան, որ տանը չեն դիմավորում Նոր տարին: Մենք միշտ տանն ենք նշում, քանի որ համարում ենք, որ տան դռներն էլ պիտի բացել, որ Նոր Տարին ներս մտնի: Հին ժամանակների Ամանորի  ամենադրական կողմն այն էր, որ նույնիսկ ամենահեռու բարեկամներն այդ օրերին այցելում էին միմյանց ու շնորհավորում: Իսկ հիմա շատերը նույնիսկ չեն էլ զանգում իրար: Հենց սա է այժմյան ամանորի ամենաբացասականը:

8. Եթե ինձ տրվեր հնարավորություն ինչ որ բան փոխել, ես չէի փոխի ամանորը նշելու ժամանակը, փոխարենը մի փոքր կերկարացնեի ձմեռային արձակուրդները: Ամենակարևորը կփոխեի մարդկանց՝ դարձնելով նրանց անհոգ և ուրախ, որպեսզի կարողանան լիրժեք վայլել այս ամանորյա հրաշալի տոները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *